Thursday, June 25, 2015

Բանակցություններն ու պատային վիճակը

Պատային վիճակ հաճախ է լինում բանակցություններում։ Բացատրեմ վիճակն ու տամ լուծումները, միգուցե հեռվից էլի օգտակար լինեմ։
Պատային է այն վիճակը, երբ կողմերը գիտակցում են, որ փոխադարձ լուծում է պետք, իսկ այլընտրանքները երկուսի համար էլ վատն են։ Այս դեպքում, փոխադարձ լուծում նշանակում է՝ իշխանության համար` մարդիկ ցրվեն տներով, կամ գոնե ազատեն պողոտան՝ տեղափոխվելով այլ վայր ցույցի։ Ցուցարարներն էլ են նույնը ուզում, եթե իրենց պայմանը բավարարվի, եթե իրենց ձայնը լսվի /պողոտա փակելու իմաստը միշտ դա է՝ «մի անտեսեք մեր խնդիրը»/։
Այլընտրանքներն այս պահին երկուսին էլ ձեռնտու չի /հեղափոխության փորձ, հարկադրանքով ցրելու փորձ, ավելի շատ սրում և այսպես շարունակ/։
Անհամաձայնությունը բովանդակության՝ սակագնի բարձրացման հետ է կապված։
Պրակտիկան ցույց է տալիս, որ նման բանակցությունները շատ բարդ են, թեպետ թվում է թե հեշտ են։ Բարդ է, քանի որ պետք է գտնել այնպիսի լուծում, որ կողմերի համար ընկալվի ԱՐԴԱՐ։
Արդարության չափանիշները դառնում են բանակցության առարկա։
Մի կողմը ասում է՝ բարձրացնում եմ 7 դրամ, ՀԷՑ-ի շքեղության ծախսերն այդտեղ չկան, սոցիալական մեղման ծրագիր ենք անում աղքատ ընտանիքների համար։ Յոթ դրամն օբյեկտիվ է, այլ ելք չկա, եկեք քննարկենք։ Արդա՞ր է։
Մյուս կողմն ասում է, մի բարձրաձրեք։ Տարիներ շարունակ թալանել են, չեք կարողացել արդյունավետ կառավարել ու վերահսկել, նորից մտնում եք բնակչության գրպանը։ Արդա՞ր է։
Ի դեպ, եթե այս հարցերից որևիցե մեկին միանշանակ պատասխանեցիք այո, ապա բանակցություն չկա։ Չկա մյուս կողմին հասկանալու ձգտում, ու անաչառ լուծում դժվար թե գտնվի։ Մասնագիտական լեզվով ասած՝ կողմերն իրենց դիրքերից չեն ուզում հրաժարվել, թեպետ երկուսի այլընտրանքն էլ ձեռնտու չէ։ Ու հենց սա էլ կոչվում է պատային վիճակ։
Բիզնեսում, նման բարդ բանակցությունների արդյունքում մշակվում է մի շարք երկկողմանի ընդունելի չափանիշներ, որպեսզի վերջնական որոշումը լինի երկուսի համար արդար։
Մեր դեպքում կա նաև երրորդ կողմ՝ էներգետիկ համակարգը։
/Դե սա ավելի է բարդացնում/
Մեր դեպքում արդար չափանիշն է ոլորտի նորմալ կառավարումը։ Դե գնա ու այդքանը մանրակրկիտ մշակի՝ համարյա բոլոր օրենքները պիտի փոխվեն, ռազմավարություն պիտի մշակվի, շատ ղեկավարներ փոխվեն և այլն։ Պարզ է որ այս աստիճան արդյունավետ բանակցություններ անհնար է։ Համենայն դեպս այս պահին։
Տակը մնում են այն լուծումները, որը կփրկի երկու կողմի դեմքը։ /կամ էլ գործըթնացային լուծումները, բայց սրանք ավելի բարդ են/
-------------
Ամեն դեպքում կառանձնացնեմ երեք չափանիշ։
Ա/ Ոչ թալանին։ Սրա լուծումը վերահսկողության ու կարգավորման նոր մոտեցումներն են։ Փաստ է, գործող մոտեցումը չի աշխատում։
Բ/ Սակագին։ Սա չորս մաս ունի, բացարձակ գումարը, բարձրացման փաստը, հնից եկող խնդիրը /կուտակված/ և ապագայի բեռը։ Եթե Ա/ կետը պիտի լուծի ապագան, ապա մյուս երեքն ավելի բարդ են։
Մարդիկ այս պահին դեմ են ցանկացած բարձրացմանը՝ քանի որ համարում են, որ այն արդար չի։ Սակագնի մարժայի կառուցվածքում 2.36 դրամը պայմանավորված է էներգիա արտադրողներով /նրանց սակագնի աճը առանց ցույց անցավ smile emoticon /։ Եթե միայն սա ընդունվի ՀԷՑ-ը կհամարի անարդար, որ էներգիա արտադրողներին թույլատրվում է ամեն ինչ, իսկ իրեն՝ ոչ։ Բայց սա այն մինիմալն է, որից ներքև անհնար է պահել սակագնի աճը /այսինքն աճ եթե չլինի, նա պետք է թանկ գնի հոսանքը, քանց նախկինում, բայց նույն սակագնով վաճառի/
Գ/ Պարտքերը։ Ա-ի ու Բ-ի համադրությունն է սա։ Սակագինը չբարձրացնենք արդյունավետությունը չբարձրացնենք՝ ավելի շատ պարտքեր են կուտակվեկու՝ ուղղակի խնդիրը տեղաշարժում ենք ապագա։ Արդյունավետությունը բարձրաձնենք սակագինը թողնենք նույնը՝ հին պարտքերի հարցը միևնույն է մնալու է։ Ժամանակին ջրի կառավարման պայմանագրում սենց մոտեցում կար՝ այսինքն թանկ սկսում ենք՝ պայմանով, որ հետո էժանացնելու եք՝ արդյունավետության բարձրամցմբ։ ԲԱՅՑ, սակագնի ձևավորումը միայն ՀԷՑ-ից չի կախված. Եթե միայն ՀԷՑ-ը լիներ, այնքան հեշտ կլիներ՝ էներգակիրներ, փոխարժեք, արտադրողներ, նրանց սակագներ, նրանց թալանին վերջ, բաշխում /որ իմանաք թե այդ «ռուբիլնիկը» ոնց է ազդում սակագնի վրա/, բարձրավոլտ ցանցեր ու նոր վերջում ՀԷՑ։ /Նույնիսկ Նաիրիտ, բայց սա հին ու ուրիշ պատմություն է, երևի կծիկի սկիզբը/
ՀԳ
Բանակցություններով տարիներով զբաղվելու փորձն եմ այստեղ գրել, ու, վերջիվերջո, ստիպեցիք զբաղվեմ էներգետիկայի տնտեսագիտությամբ. մի բան, որ միշտ խույս եմ տվել, քանի որ շատ «մուխանաթ» ոլորտ է։

No comments:

Post a Comment